PROFFOOTBALL-ը զրուցել է հայ անվանի մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ։
– Կնշե՞ք ձեր առաջին ֆուտբոլային հանդիպումը, որը մեկնաբանել եք։
– Իմ առաջին մեկնաբանած ֆուտբոլային հանդիպումը եղել է 1993 թվականի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որը ես մեկնաբանել եմ Գյումրիի Շիրակ հեռուստաընկերության եթերում։ Եզրափակչում հանդիպեցին «Արարատը» և «Շիրակը», ու ի ուրախություն Գյուրեցի երկրպագուների ու չեմ թաքցնում նաև ինձ, որովհետև ես Գյումրեցի եմ և «Շիրակի» երկրպագուն եմ եղել ողջ կյանքս։ «Շիրակը» բացեց խաղի հաշիվը, բայց անմիջապես գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Այդ խաղում «Արարատը» կարողացավ հաղթանակի հասնել 3։1 հաշվով։ Ես «Արարատի» կազմում բավականին մտերիմ տղերք ունեի, որոնց շնորհավորեցի խաղից հետո, բայց անկեղծ ասած հոգու խորքում շատ ծանր տարանք այդ պարտությունը, որովհետև «Շիրակը» շատ լավ կազմով էր խաղում։
– Պարոն Չախոյան, կ՞խոսեք Հայաստանի Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանի մասին։
– «Փյունիկը» արժանիորեն դարձավ չեմպիոն։ Առաջնության առաջին հատվածում այդ թիմը տարբերվում էր իր խաղային ծրագրով և մարզչական ձեռագրով։ «Փյունիկը» իրոք բոլորից լավ էր խաղում։ Անկեղծ ասած, ես մտավախություն ունեի, որ «Փյունիկը» կարող է առաջնության երկրորդ հատվածում ինչ-որ տեղ զիջել իր դիրքերը։ «Նոան» ունեցավ նոր սեփականատեր, նոր ֆուտբոլիստների և ֆինանսական ահռելի հոսք, ինչ շատ լավ է մեր առաջնությունում, որովհետև ինձ թվում է եթե այդպես շարունակվի այդ ակումբը կդառնա առաջնության առաջատարներից մեկը։ Հայաստանի Պրեմիեր Լիգան տարեցտարի ավելի մրցունակ է դառնում, ինչը շատ լավ է։ Առաջնության երկրորդ հատվածը ավելի հետաքրքիր պայքարում անցավ, և ես հուսով եմ, որ ֆինանսական ներդրումները թիմերում ավելի շատ կլինեն։
– Ում ե՞ք համարում հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ։
– Շատ դժվար է մեկ հոգու անուն նշել։ Շատ եմ գնահատում «Արարատ-73»-ի կազմում հանդես եկող խաղացողներին, օրինակ՝ Հովհաննես Զանազանյանին և Էդուարդ Մարգարովին։ Բայց այդ թիմի կազմից առաջատարը համարում եմ Արկադի Անդրեասյանին։ Ժամանակակից ֆուտբոլում կարող եմ նշել Հենրիխ Մխիթարյանը անունը, նա հայկական ֆուտբոլի համար պատմություն է կերտել։ Այդ պատմությունը կրկնելու համար անհավատալի երևույթներ են հարկավոր։
– Եթե այդ ֆուտբոլիստը չլիներ, ֆուտբոլի պատմությունը այլ ընթացք կունենար, նշե՞ք այդ ֆուտբոլիստի անունը։
– Ես չեմ սիրում երբ խոսքը գնում է մեկ ֆուտբոլիստի մասին։ Տարբեր ժամանակներում եղել են առաջատար շատ ֆուտբոլիստներ, և այդ ֆուտբոլիստները թողել են իրենց հետքը ֆուտբոլի պատմության մեջ։ Ժամանակակից ֆուտբոլը տարբերվում է այն ֆուտբոլից, որը օրինակ խաղացել են՝ Պելեն, Մարադոնոն, Կրոյֆը, Զիդանը, Բեքհեմը, Ռոնալդինյոն, Ռոմարիոն, Ռոնալդոն, Կրիշտիանու Ռոնալդուն և Մեսսին։ Եթե այս տղաների անուները չլիներ ֆուտբոլում, ապա ֆուտբոլի պատմությունը շատ անհետաքրքիր կլիներ։