Հայտնի է, թե ինչպես է Չավին տեղեկացրել թիմի ֆուտբոլիստներին իր հեռացման մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մարզումից առաջ հանդերձարանում է հավաքել կատալոնական ակումբի խաղացողներին և անձնակազմին, որպեսզի անձամբ բացատրի, թե ինչու է հեռանում «Բլաուգրանայից»: Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դիմելով «Բարսելոնայի» խաղացողներին և անձնակազմին՝ Չավին ասել է. «Սա իմ կյանքի ակումբն է, և ես այն միշտ կպահեմ իմ սրտում։ Ճիշտ է, այս տարի ամեն ինչ այնքան էլ լավ չընթացավ, բայց ես և դուք ամեն ինչ արեցինք՝ պայքարելով բոլորի հետ»:

Բացի այդ, իսպանացի մասնագետն ընդգծել է, որ կատալոնական ակումբից հեռանալու որոշումն իրենը չէ. «Դուք արդեն գիտեք, որ որոշումը կայացրել եմ ոչ թե ես, այլ ակումբը, վերևում գտնվողները»:

Չավիի ելույթը տեւել է 15 րոպե եւ ավարտվել տեւական ծափահարություններով, ինչպես նաեւ մարզչի գրկախառնություններով խաղացողներին ու անձնակազմին։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չավիին պաշտոնանկ անելու մասին հայտարարել էր մայիսի 24-ին։