Անգլիայի Սուպերգավաթի համար կպայքարեն «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»

Անգլիայի Սուպերգավաթի 2024 թվականի խաղում « Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Խաղը կկայանա օգոստոսի 10-ին Ուեմբլիում։

«Քաղաքացիները» այս հանդիպմանը կմասնակցեն որպես Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի հաղթող, «կարմիր սատանաները»՝ որպես Անգլիայի գավաթակիր՝ շաբաթ օրը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1):

«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ 6 անգամ հաղթել է Անգլիայի Սուպերգավաթը, վերջինը՝ 2019 թվականին։ Միաժամանակ Պեպ Գվարդիոլայի թիմը պարտվել է այս գավաթի համար վերջին երեք հանդիպումներում։

«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդակիր է երկրի Սուպերգավաթում (21 անգամ) հաղթելու համար։ Վերջին անգամ «կարմիր սատանաները» գավաթը նվաճել էին 2016 թվականին։

Անցյալ տարի «Արսենալը» նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը` հաղթելով «Մանչեսթեր Սիթիին» (1:1, 4:1 11 մետրանոցներով):