Կառլո Անչելոտտի․ «Մեծագույններից մեկն իր կարիերան ավարտում է գագաթնակետին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է կիսապաշտպան Տոնի Կրոսի կարիերան ավարտելու մասին։

Շաբաթ օրը՝ մայիսի 25-ին, Մադրիդում կայացավ Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի հանդիպումը, որում «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Բետիսի» հետ (0:0): Այս խաղը գերմանացի կիսապաշտպանի համար վերջինն էր «Լոս Բլանկոսի» կազմում Իսպանիայի առաջնությունում։ Նա դեռ պետք է խաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Նա ավարտում է ֆուտբոլային կարիերան Եվրո-2024-ից հետո։

«Հրաշալի հրաժեշտ լեգենդին։ Նա ինչ-որ անհավանական բանի հասավ, և կարծում եմ, որ արժանի էր նման հրաժեշտի։ Նա մեծագույններից է, ով ավարտում է իր կարիերան գագաթնակետին: Հուսով եմ՝ մենք միասին 15-րդ անգամ հաղթենք Չեմպիոնների լիգան։

Կարծում եմ՝ «Ռեալի» բոլոր երկրպագուներն այս պահին զգացմունքային են: Նա լեգենդ է, և ես շատ ուրախ եմ, որ երկրպագուները կարող են նրան արժանի պատիվ տալ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։