ՀՊԼ վերջին՝ 36-րդ տուրում, «Փյունիկը» հյուրընկալվել էր «Շիրակին» և 1-0 հաղթանակ տարավ՝ նվաճելով ակումբի պատմության 16-րդ չեմպիոնությունը։
Առաջին կեսում հաշիվը չբացվեց։ Երկու թիմերն էլ գրեթե հավասար պայքար էին մղում, թեև հյուրերի ֆուտբոլիստներին ավելի հաճախ կարելի էր տեսնել մրցակցի կիսադաշտում։ Այնուամենայնիվ, թիմերից ոչ մեկն առաջին կեսում իրական վտանգավոր պահ չստեղծեց մյուսի դարպասին։
42-րդ րոպեին հյուրերի կազմում դեղին քարտով զգուշացվեց Կովալենկոն։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 54-րդ րոպեին, խառը իրադրությունում Արտակ Դաշյանը ստացավ գնդակն ու հեռահար հարվածով այն ուղարկեց մրցակցի դարպասը՝ 0-1։
Հանդիպման մնացած ընթացքում թիմերը ժամանակ առ ժամանակ սպառնում էին միմյանց դարպասին, սակայն գոլեր այլևս չգրանցվեցին։
83-րդ րոպեին գյումրեցիների կազմում երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Մորի Կոնեն։
Այսպիսով, Եղիշե Մելիքյանի սաները հաղթանակ տարան Գյումրիում և վաստակած 82 միավորով նվաճեցին երկրի չեմպիոնությունը։