«Բարսելոնայի» նախկին խաղացող Էդգար Իեն մեղադրվում է խարդախության մեջ։ 30-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է իր երկվորյակ եղբորը՝ Էդելինո Իեին, ուղարկել է իր փոխարեն Բուխարեստի «Դինամոյում» խաղալու համար։ Այս մասին հայտնում է տեղի լրագրող Էմանուել Ռոսուն։
Իեն Գվինեա-Բիսաուի ֆուտբոլիստ է և «Բարսելոնայում» Լուիս Էնրիկեի գլխավորությամբ իր նորամուտը նշելուց ի վեր նա խաղացել է «Վիլյառեալում», «Լիլում», «Ֆեյենորդում», «Նանտում», «Տրաբզոնսպորում», «Ստամբուլ Բաշակշեհիրում», որից հետո միացել է Բուխարեստի «Դինամոյին»:
«Դինամոյից» դեռ պաշտոնական հայտարարություններ չեն եղել, սակայն կասկածներ են առաջացրել այն, որ կենտրոնական պաշտպանը չի տիրապետում անգլերենին և հրաժարվել է ցույց տալ վարորդական իրավունքը։
Ըստ Marca-ի, եթե հաստատվի աննախադեպ իրավիճակը, ապա «Դինամոն» կարող է կորցնել այն ութ միավորը, որը թիմը վաստակել է Էդելինոյի հետ հինգ խաղերի ընթացքում: Ըստ լուրերի՝ ֆուտբոլիստի ինքնությունը հաստատելու համար կարող է օգտագործվել ԴՆԹ թեստ: