Լուիս Էնրիկե. «Ես կարող եմ միայն լավ բաներ ասել Կիլիան Մբապպեի և նրա եղբոր մասին»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է հարձակվող Կիլիան Մբապպեի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին փարիզյան ակումբից հեռանալու մասին հայտարարությանը։

«Ես կարող եմ միայն լավ բաներ ասել Մբապպեի և նրա եղբոր մասին։ Ես հասկանում եմ նրա որոշումը։ Նա յոթ տարի է անցկացրել այստեղ, նա ակումբի լեգենդ է։ Մբապպեն ամեն ինչ տվեց ՊՍԺ-ին։ Նա դեռ չի ասել, թե ուր է գնալու, բայց կարծում եմ՝ ակնհայտ է։ Մեծ պատիվ էր նրան թիմում ունենալը։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում։ ՊՍԺ-ն պետք է շարունակի առաջընթացը»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Մոնակոյից»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 306 հանդիպման, որոնցում դարձել է 255 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ։