«Բարսելոնայի» ներկայացուցիչները «բլաուգրանայի» վինգեր Ռաֆինյային հայտնել են, որ հաջորդ մրցաշրջանից նա կարող է հավակնել միայն երկրորդական դերի ակումբում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» դիտարկում է բրազիլացի ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը, որպեսզի գումար հայթայթի «Ատլետիկի» 21-ամյա վինգեր Նիկո Ուիլյամսին ձեռք բերելու համար։ Եթե Ռաֆինյան չհեռանա ակումբից, իսկ «բլաուգրանաները» կարողանան գնել Ուիլյամսին, ապա մեկնարկային կազմում առաջնահերթությունը կտրվի իսպանացի խաղացողին։
Ընդգծվում է, որ Սաուդյան «Ալ-Հիլալը» ներկայումս հետաքրքրված է Ռաֆինյայով, և պատրաստ է նրա համար վճարել 100 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է ինը գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։