«Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է կարիերան շարունակել «Միլանում»։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» ֆուտբոլիստի գործակալների հետ հանդիպումից հետո առաջարկ են պատրաստում «Լայպցիգին»՝ գնելու սլովենացի հարձակվողին 50 միլիոն եվրոյով։ Նշվում է, որ Շեշկոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Լոնդոնի «Արսենալը»։ «Միլանը» կարող է հետագայում ավելացնել իր առաջարկը մինչև 65 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Բենիամին Շեշկոյին հավակնում են «Չելսին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Նյուքասլը»։
Շեշկոն «Լայպցիգ» է տեղափոխվել «Զալցբուրգից» անցած ամառ՝ 24 միլիոն եվրոյի դիմաց, այս մրցաշրջանում հարձակվողը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 41 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։