Լյուկա Էրնանդես. «Իմ վերադարձը կլինի ավելի ուժեղ, քան երբևէ»

ՊՍԺ-ի պաշտպան Լյուկա Էրնանդեսը մեկնաբանել է իր վնասվածքը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում (0։1)։

«Երբ ես պայմանագիր կնքեցի ՊՍԺ-ի հետ, ես խոստացա, որ իմ սիրտն ու հոգին կտամ այս թիմին։ Սա այն է, ինչ ես արել եմ մինչ այժմ: Ցավոք, ես վնասվածք ստացա երեկվա հանդիպման ժամանակ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր երկրպագուներին և սիրելիներին սիրո և աջակցության համար։ Իմ վերադարձը կլինի ավելի ուժեղ, քան երբևէ»,- գրել է Էրնանդեսը սոցցանցում։

Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի նախորդ խաչաձև կապանների պատռվածք: Այս վնասվածքի պատճառով Էրնանդեսը բաց կթողնի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը, որը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Էրնանդեսը ՊՍԺ-ի խաղացող դարձավ անցած ամառ՝ 45 միլիոն եվրոյի դիմաց Մյունխենի «Բավարիայից»: Լիգա 1-ի այս մրցաշրջանում պաշտպանը փարիզցիների կազմում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։