ISIS-ը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ խաղերի ժամանակ, հայտնում է Marca-ն։
Ալ-Ազայմ ահաբեկչական կազմակերպության մեդիա կենտրոնը հրապարակել է ինքնաձիգով զինված տղամարդու պատկեր, «Սպանիր բոլորին» արտահայտությունը և չորս մարզադաշտերի անունները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները նախապես տեղյակ են եղել սպառնալիքների մասին և այդ մասին հայտնել են Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը, որը երեքշաբթի օրը «Սանտյագո Բեռնաբեուում» ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին»։ Սակայն այս պահին խաղի կազմակերպման առումով փոփոխություններ չկան, որն արդեն ենթարկվում է հատուկ հսկողության միջոցառումների, քանի որ Իսպանիայի ՆԳՆ-ն այն համարում է բարձր ռիսկային հանդիպում։
Կառավարության պատվիրակությունն այսօր առավոտյան անվտանգության նիստում կորոշի՝ լրացուցիչ անվտանգության միջոցներ ձեռնարկե՞լ, թե՞ ոչ։
Բացի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղից, երեքշաբթի Լոնդոնում կկայանա «Արսենալ» – «Բավարիա» խաղը։ Չորեքշաբթի օրը Մադրիդում կխաղան Մադրիդի «Ատլետիկոն» ու Դորտմունդի «Բորուսիան», իսկ Փարիզում ՊՍԺ-ն կընդունի «Բարսելոնային»։