Անտուան Գրիզման․ «Պիտի նվաճենք այն ամենը, ինչի համար դեռ պայքարում ենք»

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը խոսել է մրցաշրջանի մնացած հատվածում թիմի ծրագրերի մասին։

«Ամենադժվարը միշտ հաղթելն է։ Սա ինձ համար շատ կարևոր է մնացած բոլոր հանդիպումներում՝ Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում։ Դա ինձ ուրախացնում է, և ես անձամբ դրան եմ ձգտում՝ նվաճել այն ամենը, ինչ մնացել է։ Դա ամենօրյա աշխատանք է, բայց մենք պետք է ամեն ինչ շատ լավ անենք, որպեսզի ավարտենք այնպես, ինչպես արժանի ենք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Այս մրցաշրջանում 33-ամյա Գրիզմանը անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացու պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը:

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30 տուրից հետո «Ատլետիկոն» ունի 58 միավոր։ Մադրիդցիները չորրորդն են։