Գերմանիայի դաշնային ոստիկանության միությունը կոչ է անում համազգային արգելել Գերմանիայում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով։
Գերմանիան պատրաստվում է արգելել 2024 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են օգտագործվել ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին խոսել է Գերմանիայի դաշնային ոստիկանության արհմիության ղեկավար Անդրեաս Ռոսկոպֆը։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերն ամենամեծ ահաբեկչական վտանգն են ներկայացնում առաջիկա շրջագայության համար։
«Անօդաչու սարքերը դառնում են ամենամեծ խնդիրներից մեկը։ Անօդաչու թռչող սարքերի թռիչքների համապետական համապարփակ արգելք է պետք ամբողջ Գերմանիայում Եվրոպայի առաջնությունից առաջ, ընթացքում և որոշ ժամանակ անց»,- նրա խոսքերն է մեջբերում BILD-ը։
Ահաբեկչության և անօդաչու թռչող սարքերի փորձագետ, Դանուբի համալսարանի Կրեմսի միջազգային հետազոտությունների պրոֆեսոր Նիկոլաս Ստոկհամերը կրկնել է Ռոսկոֆի մտահոգությունները: Նա նախազգուշացրել է, որ առցանց անօդաչու թռչող սարքեր գնելու հնարավորությունը մեծ մտահոգություն է իշխանությունների համար, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների կողմից ավելի առաջադեմ ռազմական անօդաչու սարքեր գնելու հնարավորությունը:
«Անօդաչու թռչող սարքերը բազմիցս օգտագործվել են ահաբեկչական հարձակումների ժամանակ վերջին 10 տարիների ընթացքում՝ և՛ որպես կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, և՛ որպես պայթուցիկներով զինված անօդաչու թռչող սարքեր: Այսօր տեխնոլոգիան դարձել է ավելի մատչելի։ Դա նաև մեծացնում է իրական ռիսկը, որ ահաբեկիչները կդիմեն այս էժան և հեռակառավարվող տեխնոլոգիային: Անօդաչու թռչող սարքերի օգտագործման հրահանգները հասանելի են համացանցի համապատասխան ֆորումներում: Վտանգը մեծանում է, եթե հարձակվողներին հաջողվի տիրապետել ժամանակակից ռազմական անօդաչուներին, ինչպիսիք են ներկայումս օգտագործվող մարտական գոտիներում», – ասել է Ստոկհամմերը: