Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել ազգային թիմի մարզման ժամանակ և վաղաժամ ավարտել այն, հայտնում է AS-ը։ Ֆուտբոլիստը կաղալով լքեց խաղադաշտը և հետագայում չվերադարձավ մարզմանը:

Այսպիսով, հարձակվողը կարող է բաց թողնել Նորվեգիայի հավաքականի ընկերական հանդիպումները Չեխիայի ու Սլովակիայի հավաքականների հետ։ Հարցականի տակ է նաև ռմբարկուի մասնակցությունը «Արսենալի» հետ 30-րդ տուրի կենտրոնական հանդիպմանը, որը կկայանա կիրակի օրը՝ մարտի 31-ին։

Այս մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 29 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 180 մլն եվրո։

«Արսենալը» 28 տուրից հետո 64 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» իր հերթին երրորդ տեղում է՝ «զինագործներին» զիջելով մեկ միավորով։