Ժոաու Ֆելիշ․ ««Ատլետիկոյի» երկրպագուները չպետք է ինձ վատ վերաբերվեն»

«Բարսելոնայի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, ով այս մրցաշրջանի սկզբում վարձավճարով տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկոյից», կիսվել է իր անհանգստությամբ՝ կապված իր անձի նկատմամբ «Ատլետիկոյի» երկրպագուների վերաբերմունքի հետ։

««Ատլետիկոյի» երկրպագուները չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել։ Երկրպագուները չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել ակումբի ներսում, ես հասկանում եմ նրանց, բայց չպետք է ինձ վատ ընկալեն։ Ես նույնիսկ շատ լավ հարաբերություններ ունեմ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների հետ»,- Ֆելիշի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Այս մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։