Հարի Քեյնը վնասվածք է ստացել «Դարմշտադտի» դեմ խաղում

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 26-րդ տուրի՝ «Դարմշտադտի» դեմ խաղում։ Այս մասին խաղից հետո հայտարարեց մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Անգլիացին գոլ խփեց առաջին խաղակեսի վերջնամասում, իսկ 82-րդ րոպեին նրան փոխարինեց Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը։

«Նա բախվել է ձողին, մի փոքր ոլորել է կոճը, և վրան սառույց են դրել։ Դեռևս ախտորոշում չկա, պետք է սպասել։ Հուսով եմ, որ լավ է»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն:

Այս մրցաշրջանում Քեյնը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 31 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։