«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է պաշտպան Բեն Ուայթի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
«Բեն Ուայթը մեզ համար առանցքային ֆուտբոլիստ է, բարձրակարգ մասնագետ՝ հաղթող մտածելակերպով և այն տղաներից մեկը, ով ամեն օր օրինակ է ծառայում այլ երիտասարդ խաղացողների համար: Մենք բոլորս անհամբեր սպասում ենք առաջիկա տարիներին Բենի հետ աշխատելու շարունակությանը»,- Արտետայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հինգշաբթի օրը՝ մարտի 14-ին, «զինագործները» հայտարարեցին, որ 26-ամյա խաղացողը նոր պայմանագիր է ստորագրել թիմի հետ մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։
ԱՊԼ-ի 28 տուրից հետո «Արսենալը» 64 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։