Իվան Ռակիտիչ. «Ինձ ցավ է պատճառում, թե ինչպես է «Բարսելոնան» տառապում»

«Բարսելոնայի» նախկին հարձակվողական ոճի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ով այժմ հանդես է գալիս սաուդյան «Ալ-Շաբաբում», կիսվել է կատալոնական ակումբում տիրող իրավիճակի մասին իր կարծիքով։

««Բարսան» իմ տունն է արդեն վեց տարի, ուստի ես շատ եմ հետևում նրանց, և ինձ ցավ է պատճառում տեսնել, թե ինչպես են նրանք տառապում: Չավին նա է, ով մեզանից յուրաքանչյուրից լավ է հասկանում ֆուտբոլը, հուսով եմ, որ նա կարող է փոփոխություն մտցնել, հատկապես, որ արդյունքներն այնքան էլ աղետալի չեն, ինչպես ասում են ոմանք: Ակումբը բախվում է նաև տնտեսական ծանր վիճակի: Հուսով եմ, որ «Բարսան» կարող է կրկին փայլել»,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ Ռակիտիչը «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-ից 2020 թվականներին։ Այս ընթացքում խորվաթ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 310 հանդիպման, որոնցում դարձել է 35 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։

Լա Լիգայում 28 խաղից հետո «Բարսելոնան» ունի 61 միավոր և այժմ երկրորդ տեղում է։