«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը բացատրել է, թե ինչու ձախողվեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի տեղափոխությունը նեապոլիտանական ակումբ։
«Ես մոտ էի «Զալցբուրգից» 50 միլիոն եվրոյով Էրլինգ Հոլանդին գնելու շեմին։ Պաշտոնական առաջարկը պատրաստ էր, բայց Մինո Ռայոլան ինձ ասաց. «Խնդրում եմ, մի փորձիր պայմանագիր կնքել Հոլանդի հետ, քանի որ ես արդեն պայմանավորվել եմ նրա հաջորդ տրանսֆերի շուրջ», – սոցիալական ցանցերում Դե Լաուրենտիսի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 27 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 180 միլիոն եվրո, նրա պայմանագիրը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։