«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին ասել է, որ թիմի ճապոնացի վինգեր Կաորու Միտոման, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի այս մրցաշրջանի մնացած հատվածը։
«Միտոմա՞ն։ Սա էական խնդիր է մեզ համար։ Նա բացակայելու է երկու-երեք ամսով: Ամենայն հավանականությամբ, նրա համար մրցաշրջանն ավարտված է»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Դե Զերբիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում Միտոման «Բրայթոնի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 50 միլիոն եվրո, ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Միտոմայով։
«Բրայթոնն» այժմ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում է: Դե Զերբիի թիմը 26 տուրից հետո վաստակել է 39 միավոր։