Մյունխենի «Բավարիան» դիտարկում է «Միլանի» ձախ պաշտպան Տեո Էրնանդեսին՝ որպես Ալֆոնսո Դևիսի փոխարինող՝ առաջիկա ամռանը մյունխենյան ակումբից նրա հնարավոր հեռանալու դեպքում: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին «Բավարիան» դեռ չի կապվել «Միլանի» հետ՝ պարզաբանելու հնարավոր տրանսֆերի նրբությունները։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Դևիսի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Էրնանդեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։