Սիմոնե Ինձագի. «Ցանկանում ենք կրկնել նախորդ տարվա արդյունքը»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ առաջիկա առաջին խաղի սպասելիքներով։ Ներաձուրիների մարզիչն ընդգծել է, որ իր թիմը ցանկանում է կրկնել նախորդ տարվա հաջողությունը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։

«Սիմեոնեն հիանալի թիմակից էր: Մենք միասին հաղթեցինք, հետո նա վերադարձավ Իսպանիա, բայց մենք երբեք միմյանց աչքից չկորցրինք։ «Ատլետիկոյի» հետ 13 տարվա համագործակցության ընթացքում Դիեգոն շատ հաղթեց և թիմին շատ լավ խաղ սերմանեց։

Մենք հիշում ենք Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկությունում գրանցած հաջողությունները։ Ֆուտբոլիստները կցանկանային կրկնել այդ արդյունքները, բայց մենք գիտենք, որ այստեղ շատ ուժեղ թիմեր կան։ Նույնիսկ վաղը երեկոյան մենք պետք է հանդիպենք շատ բարդ մրցակցի հետ։ Պետք է ցույց տանք «Ինտերի» լավագույն տարբերակը»,- ​​Ինձագիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր պաշտոնական կայքում։

«Ինտեր» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ փետրվարի 20-ին: Նախորդ մրցաշրջանում իտալական թիմը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (0:1):