«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պատասխանել է «Ուդինեզեի» հետ Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղում (3-2) իր ակումբի դարպասապահ Մայք Մանյանի հասցեին հնչած ռասիստական վանկարկումներին։
«Ես հիասթափված եմ կատարվածից և հպարտ եմ, որ մարզում եմ Մանյանի նման լավ մեկին: Անգրագետը կարող է և պետք է մնա տանը։ Ժամանակն է վերջ դնել դրան»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ առաջին խաղակեսում մրցավարը որոշել էր ընդհատել հանդիպումը՝ ամենայն հավանականությամբ երկրպագուների ռասիստական վանկարկումների պատճառով։ Մանյանը հարկադիր ընդմիջման ժամանակ որպես բողոք մտավ տրիբունա, սակայն ավելի ուշ վերադարձավ խաղադաշտ։
Դարպասապահը «Միլանում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Այս պահին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։