Ունայ Էմերի․ «Մենք 20 րոպեում երեք գոլ բաց թողեցինք»

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ամփոփել է Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը (2-3)։

«Դա ֆանտաստիկ 60 րոպե էր, ֆանտաստիկ: Մենք վերահսկում էինք հանդիպումը և շատ լավ խաղացինք։ Առաջին խաղակեսից հետո հանդերձարանում ասացինք, որ եթե մեկ գոլ խփեն, կարող է վերադարձ լինել։ Մենք շատ լավ պայքարեցինք, բայց գոլ չխփեցինք։ Իսկ հետո 20 րոպեում երեք գոլ բաց թողեցինք։ Սա նրանց լավագույն պահն էր, նրանք շատ լավ թիմ են՝ հիանալի խաղացողներով։ Մենք պետք է հաշտվենք դրա հետ, և այժմ իմ միակ նպատակը շաբաթ օրը «Բարնլիի» դեմ մրցաշրջանի երկրորդ կեսը սկսելն է»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում ընդհատեց առանց հաղթանակի (2 պարտություն և 1 ոչ-ոքի) 3-խաղյա շարանը։ Էրիկ տեն Հագի թիմը վաստակել է 31 միավոր և զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։