Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ընդգծել է, որ Լիոնել Մեսսիի ներկայությունը «Ինտեր Մայամիում» եղել է ամերիկյան ակումբ տեղափոխվելու գործոններից մեկը։
36-ամյա ուրուգվայցին ուրբաթ օրը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ։
««Ինտեր Մայամի» տեղափոխվելու իմ որոշման վրա ազդող գործոններից մեկն այն էր, որ ակումբն ունի իմ ընկերներն ու հիանալի ֆուտբոլիստները։ Այստեղ է խաղում աշխարհի լավագույն խաղացողը, և սպասումները մեծ են։
Նա և ես շատ բանի ենք հասել «Բարսելոնայում» միասին խաղալու երկար տարիների ընթացքում, և մենք լավ ենք ճանաչում միմյանց: Մեզնից երկար չի պահանջվի խաղադաշտում միմյանց հասկանալու համար»,- ասել է Սուարեսը ակումբի մամուլի ծառայությանը։
Այժմ «Ինտեր Մայամիի» կազմում հանդես կգան «Բարսելոնայի» չորս նախկին ֆուտբոլիստներ՝ Սուարեսը, Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։