«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հռոմեական ակումբում իր ապագայի մասին։
«Ես «Ռոմայի» մարզիչն եմ, սա ակումբի պաշտոնական դիրքորոշումն է և, իհարկե, իմը։ Այլևս ոչինչ չունեմ ասելու։ Դուք ճիշտ եք, երբ ասում եք, որ ես ֆուտբոլի մեծ փորձ ունեմ, շատ տարբեր պահեր եմ ապրել։ Բայց ես չեմ առաջարկում հրապարակայնորեն որեւէ բան վերլուծել։ «Ռոմայի» դիրքորոշումը պարզ է՝ ես «Ռոմայի» մարզիչն եմ։
Թերևս մարդկանց կարող է հետաքրքրել՝ նա ցանկանում է մնալ, թե ոչ։ Բայց ես հենց սկզբից միշտ եղել եմ անմիջական ու ազնիվ։ «Ռոմայի» հետ պայմանագիր ստորագրելուց մեկ շաբաթ անց ես ֆանտաստիկ առաջարկ ստացա։ Ես այդ մասին հայտնեցի ակումբին և չընդունեցի, քանի որ արդեն պայմանագիր ունեի «Ռոմայի» հետ։
2021 թվականի դեկտեմբերին ես առաջարկ ունեի Պորտուգալիայից։ Ես կարող էի աշխատել աշխարհի լավագույն խաղացողների հետ, կարող էի հաղթել Եվրո-ն և Աշխարհի Գավաթը, բայց ես խոսեցի ակումբի հետ և ինձ համար կարևոր էր մնալ, և այդպես էլ արեցի:
Բուդապեշտում կայացած եզրափակիչից հետո ես հանդիպում ունեցա ակումբի սեփականատերերի հետ։ Ես նրանց պատմեցի Սաուդյան Արաբիայում տիրող իրավիճակի մասին և որոշեցի հրաժարվել։ Մի՞թե այստեղ ավարտվում է իմ ազնվությունը։
Ինչ կարող եմ ասել։ Ես կցանկանայի մնալ և պայքարել՝ չնայած բոլոր դժվարություններին, չնայած բոլոր պայմաններին, չնայած բոլոր դրական պահերին, չնայած որոշ բացասական պահերին։ Սա իմ դիրքորոշումն է, և դրանում կասկած չկա։ Չեմ ցանկանում ավելին խոսել այս իրավիճակի մասին»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
60-ամյա Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։