«Արսենալը» դիտարկում է չորս ֆուտբոլիստների Թոմաս Պարտիին փոխարինելու համար

Լոնդոնի «Արսենալը» փոխարինող է փնտրում կիսապաշտպան Թոմաս Պարտիին։

Թիմում տեղը կորցրած գանացին մոտ ապագայում կարող է լքել «զինագործների» շարքերը։ Լրագրող Սամի Մոկբելի խոսքերով՝ «Արսենալը» պատրաստվում է բաժանվել 30-ամյա կիսապաշտպանից, և որպես փոխարինող դիտարկվում են չորս թեկնածուներ՝ Դուգլաս Լուիսը և Ջեյքոբ Ռեմսին, որոնք ներկայացնում են «Ասթոն Վիլան», ինչպես նաև Ժոաու Պալինյան «Ֆուլհեմից» և Ամադու Օնանան «Էվերթոնից»։ Այս պահին ակումբը ակտիվորեն ուսումնասիրում է վերը նշված բոլոր ֆուտբոլիստներին։

Հիշեցնենք, որ նախկինում Դուգլաս Լուիսը համարվում էր «Արսենալի» հունվար ամսվա առաջնահերթ նպատակներից մեկը, սակայն լուրեր են շրջանառվում, որ «Ասթոն Վիլան» բրազիլացու համար պահանջում է մոտ 90-100 միլիոն եվրո: