«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նեմանյա Մատիչը նշել է, որ Ջեյդոն Սանչոն և Պոլ Պոգբան այն խաղացողների թվում են, ովքեր պարբերաբար ուշանում էին մանկունիանցիների մարզումներից:
««Չելսիում» ֆուտբոլիստները պրոֆեսիոնալ էին, նրանք ճշտապահ էին և երբեք չէին ուշանում մարզումներից, բայց «Յունայթեդում» դա տեղի էր ունենում գրեթե ամեն օր: Միշտ ուշացող խաղացողների թվում էին Պոլ Պոգբան, Ջեյդոն Սանչոն և մի քանի այլ խաղացողներ։ Մյուսները, որոնք միշտ ժամանակին էին, դժգոհ էին, ուստի որոշեցինք ստեղծել ներքին կարգապահական հանձնաժողով, որի ղեկավարը ես էի։
Պատից մի թուղթ եմ կախել, որի վրա գրել եմ ուշացած մարդկանց անունները։ Մեկ կոնկրետ մրցաշրջանի ընթացքում մենք հավաքեցինք շուրջ 75,000 ֆունտ տուգանք։ Մենք պլանավորում էինք այս գումարն օգտագործել Լոնդոնում խնջույք կազմակերպելու համար, բայց դա չարեցինք կորոնավիրուսի բռնկման պատճառով»,- Մատիչի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2017 թվականին «Չելսիից», իսկ անցյալ տարի հեռացել է ակումբից։