Միայն երկու թիմեր են խուսափել «Մանչեսթեր Սիթիից» պարտությունից «Էթիհադում» 2023թ․ ընթացքում

Միայն երկու թիմեր են խուսափել «Մանչեսթեր Սիթիից» պարտությունից «Էթիհադում» 2023 թվականի ընթացքում բոլոր մրցաշարերում: Դրանք են՝ «Թոթենհեմը» և «Լիվերպուլը»։

Նախօրեին՝ դեկտեմբերի 3-ին, «Թոթենհեմը» ոչ-ոքի էր խաղացել «Սիթիի» հետ (3-3) Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի խաղում։ «Լիվերպուլը» նոյեմբերի 25-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում մեկ միավոր է վաստակել։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմը մյուս բոլոր տնային հանդիպումներում հաղթել է։

Պրեմիեր Լիգայի 14 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Արսենալից» զիջելով երեք միավորով։ Երկրորդ տեղը զբաղեցնում է «Լիվերպուլը», որը ունի վաստակած 31 միավոր։