Պեպ Գվարդիոլա․ «Մեկ ամիս առաջ արդեն ասել եմ՝ սպասենք, եթե մեղավոր ենք, կպատժվենք»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Էվերթոնին» 10 միավորից զրկելը ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար։

Նախկինում «Մանչեսթեր Սիթին» մեղադրվում էր ֆինանսական խախտումների մեջ։ Գվարդիոլան նշել է, որ չի պատրաստվում պաշտպանել ակումբը, սակայն դա պետք է անեն փաստաբանները։

«Ես ոչ մի բառ չեմ ասի «Էվերթոնի» մասին, քանի որ չգիտեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Սրանք երկու լրիվ տարբեր բաներ են։ Ես գիտեմ, որ մարդիկ մտածում են, թե ինչու «Սիթին» չի պատժվում, բայց եկեք սպասենք:

Մեկ ամիս առաջ արդեն ասել եմ՝ սպասենք, եթե մեղավոր ենք, կպատժվենք։ Ինչ էլ որ լինի, ես կմնամ այստեղ, և ես ոչինչ չգիտեմ «Էվերթոնի» գործի մասին, բայց սա բոլորովին այլ դեպք է։ Այդ իսկ պատճառով նրանց չես կարող համեմատել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:

12 տուրից հետո «Էվերթոնը» 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ տեղը։