Մարկուս Թյուրամը հիշել է, թե ինչպես է Լիոնել Մեսսին իրեն խաղակոշիկներ նվիրել

Միլանի «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը խոսել է Լիոնել Մեսսիի հետ տեղի ունեցած միջադեպի մասին։

Արգենտինացի գերաստղի հետ ֆրանսիացին հանդիպել է 10 տարեկանում, երբ Լիլիան Թյուրամը՝ Մարկուսի հայրը, խաղում էր «Բարսելոնայում»:

«Երբ ես 10 տարեկան էի, եկա «Բարսելոնա» հորս մարզմանը։ Մարզումն ավարտելուց հետո ես ուզում էի դուրս գալ խաղադաշտ մյուս երեխաների հետ խաղալու, բայց ոչ մի խաղակոշիկ չունեի: Հետո երիտասարդ Մեսսին մոտեցավ ինձ և տվեց իր խաղակոշիկները, որոնք գրեթե իմ չափի էին:

Երբ խաղն ավարտվեց, Լեոն ինձ ասաց, որ կարող եմ պահել խաղակոշիկները: Հաջորդ օրը ես դրանք նվիրեցի ընկերոջս, քանի որ շատ փոքր էի և չէի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել… Շատ եմ ցավում դրա համար»,- Թյուրամի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը: