«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» առաջարկի մասին։
«Դա խելագարություն էր, որքան շատ էի ասում՝ ոչ, այնքան նրանք նորից ու նորից ավելացնում էին իրենց ֆինանսական առաջարկը։ Սա փոխելու էր իմ կյանքը, և նրանք երբեք չհանձնվեցին: Բայց ես ասացի. ոչ, տղերք: Ես մնում եմ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Obi One Podcast-ը։
24-ամյա նիգերիացին «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա նեապոլցիների կազմում 10 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Օսիմհենի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։ Նախկինում հարձակվողը հանդես է եկել «Լիլում», «Շառլերուայում» և «Վոլֆսբուրգում»։