Բունդեսլիգայի նորեկը որոշել է պայմանագիր չկնքել Ժերոմ Բոատենգի հետ

Գերմանական Բունդեսլիգայի նորեկ «Հայդենհայմը» որոշել է պայմանագիր չկնքել 35-ամյա պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ։

«Մենք զարմացած ենք ակումբի հայտարարությունից, որ նրանք հրաժարվել են այս հնարավորությունից: Նրանք մեզ հրավիրեցին, հանդիպում խնդրեցին, Ժերոմը ազնվորեն վարվեց նրանց հետ և ոչ մի բանում չխաբեց նրանց»,- X սոցիալական ցանցում (նախկին Twitter) Բոատենգի գործակալի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Բոատենգի հետ պայմանագիր կնքելու հարցում նախկինում հետաքրքրված էր Մյունխենի «Բավարիան»։ Մի քանի օր գերմանացի ֆուտբոլիստը մարզվել է Գերմանիայի գործող չեմպիոնի բազայում։ Այնուամենայնիվ, Բոատենգի տրանսֆերն այդպես էլ տեղի չունեցավ։