ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունն անուղղակիորեն հաստատել է 2034 թվականի Աշխարհի առաջնության Սաուդյան Արաբիայում անցկացումը։ Կազմակերպության պաշտոնական կայքի նոր հաղորդագրության մեջ ասվում է, որ արաբական երկիրը միակն է, որը պատրաստակամություն է հայտնել ընդունել 2034 թվականի Աշխարհի առաջնությունը։
Ավելի վաղ հայտը չեղարկելու մասին հաղորդել էր Ավստրալիան, որը պատրաստվում էր մրցաշարը կազմակերպել Նոր Զելանդիայի հետ համատեղ։ Սաուդյան Արաբիան պաշտոնապես կհայտարարվի որպես հյուրընկալող երկիր 2024 թվականի վերջին եռամսյակում։
2034 թվականի Աշխարհի առաջնությունը կլինի երրորդն Ասիայում՝ 2002 թվականի (Ճապոնիա և Հարավային Կորեա) և 2022 թվականի (Կատար) Աշխարհի առաջնություններից հետո, ինչպես նաև երկրորդը արաբական աշխարհում։
Հիշեցնենք, որ Աշխարհի 2026 թվականի առաջնությունը համատեղ կընդունեն ԱՄՆ-ն, Կանադան ու Մեքսիկան։ 2030-ին աշխարհի առաջնության առաջին երեք հանդիպումները կանցկացվեն Ուրուգվայում, Պարագվայում եւ Արգենտինայում, իսկ հիմնական մրցաշարը՝ Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Մարոկկոյում։