«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեին։ Նա «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահին փոխարինելու գլխավոր հավակնորդն է, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» պատրաստ է Սանեի համար վճարել ավելի քան 90 միլիոն եվրո։ Այս պահին մերսիսայդցիների ռեկորդային ձեռքբերումը ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսն է, ում համար վճարել են գրեթե նույնքան։
Աղբյուրը հայտնում է նաև, որ Մոհամեդ Սալահը կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի առաջնություն։
Հիշեցնենք, որ Սանեն «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս ընթացքում գերմանացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 144 հանդիպման, որոնցում դարձել է 45 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։