«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը վնասվածք է ստացել Նիգերիայի հավաքականի կազմում։ Նախօրեին Նիգերիան ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Սաուդյան Արաբիայի հետ՝ 2:2:
Օսիմհենը վնասվածքի պատճառով փոխարինվելուց առաջ խաղացել է 59 րոպե: Խաղից հետո գլխավոր մարզիչ Խոսե Պեզեյրոն խոսել է ֆուտբոլիստի վնասվածքի մասին։
«Մենք կապի մեջ ենք «Նապոլիի» հետ։ Յուրաքանչյուր խաղի վերջում մենք հաշվետվություն ենք ուղարկում ակումբներին տեղեկացնելու համար, քանի որ մենք պատասխանատու ենք ֆուտբոլիստների առողջության համար:
Օսիմհենը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, մենք բոլորս նրա կարիքն ունենք: Հիմա նրանք թեստեր կանեն, իսկ հետո կորոշենք՝ նա կվերադառնա Նեապոլ, թե կմնա այստեղ՝ ելնելով վնասվածքի չափից։
Վտանգել նրան, կնշանակի ռիսկի դիմել, որ նա շարքից դուրս մնա մեկ-երկու ամիս: Իհարկե, ես կցանկանայի, որ նա խաղա, բայց մենք պետք է հարգենք այն ակումբներին, որոնք վճարում են նրան։ Սա վերաբերում է բոլորին»,- Պեզեյրոյի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը: