Աշխարհի 2030 թվականի առաջնությունը կանցկացվի վեց երկրում

Աշխարհի 2030 թվականի առաջնությունը կանցկացվի Իսպանիայում, Պորտուգալիայում, Մարոկկոյում, Արգենտինայում, Ուրուգվայում և Պարագվայում։

Այսօր տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի խորհրդի նիստ, որում որոշվել է, որ մրցաշարի հանդիպումները տեղի կունենան բոլոր այն երկրներում, որոնք հայտ են ներկայացրել այն ընդունելու համար։

Հարավային Ամերիկայում տեղի կունենան առաջին երեք խաղերը։ Բացման հանդիպումը կկայանա Ուրուգվայում, որտեղ տեղի ազգային հավաքականը կանցկացնի Մունիալի առաջին խաղը: Նույնը վերաբերում է նաև Արգենտինայի և Պարագվայի հավաքականների խմբային առաջին հանդիպումներին: Այս թիմերը նույնպես առաջին խաղերը կանցկացնեն իրենց երկրներում։ Մրցաշարի մնացած բոլոր հանդիպումները կբաժանվեն Իսպանիայի, Պորտուգալիայի և Մարոկկոյի միջև։

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին խաղը կայացել է 1930 թվականի հուլիսի 13-ին, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտևիդեոյի «Պոսիտոս» ստադիոնում, ուր մրցել են Ֆրանսիան ու Մեքսիկան (4-1): ՖԻՖԱ-ն ցանկանում է 100 տարի անց վերադառնալ այն նույն քաղաք, որտեղից սկիզբ է առել մունդիալների պատմությունը: