Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչն ու Տոնի Կրոսը կարող են հեռանալ մադրիդյան ակումբից։
Ըստ Relevo-ի՝ Մոդրիչի և Կրոսի խաղաժամանակը նախորդ մրցաշրջանի համեմատ կրճատվել է գրեթե կիսով չափ, և երկու ֆուտբոլիստներն էլ դժգոհ են իրենց դերից: Ֆուտբոլիստները ցանկանում են պահպանել առաջատարի դերը թիմում:
Լուկա Մոդրիչը «Լոս Բլանկոսում» հանդես է գալիս 2012 թվականից։ Անցած մրցաշրջանում խորվաթ կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 51 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Խորվաթի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 10 մլն եվրո։
Կրոսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Նախորդ մրցաշրջանում Կրոսը մասնակցել է 52 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: «Ռեալի» հետ կիսապաշտպանը չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, հինգ անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունը, երեք անգամ՝ Իսպանիայի առաջնությունը։ Ընդհանուր առմամբ, Կրոսը «Ռեալի» հետ նվաճել է 20 տիտղոս: