Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 11-ին Երևանում կմրցի Խորվաթիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Նաիր Թիկնիզյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
«Հիանալի տրամադրություն ունեմ, ու ինձ լավ եմ զգում, այդպես միշտ է լինում, երբ Երևանում եմ ու հավաքականի հետ։ Մեծ ցանկություն ունենք լավ արդյունքի հասնելու մեր մարզադաշտում։ Չկա վախ, այո՛, կա անհանգստություն, որը միայն մոտիվացիա կդառնա։
Խորվաթիան Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է։ Ուրախ եմ վաղը խաղալու այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստների դեմ, ինչպիսիք ունի Խորվաթիան։ Հիմա ֆուտբոլում հեշտ խաղեր չկան, կարող եմ նշել, որ կյանքիս ամենածանր խաղերից մեկն է լինելու։ Հատկապես, որ Խորվաթիայի թիմի կազմում տիեզերական ֆուտբոլիստներ են հանդես գալիս։
Երջանիկ եմ, որ Հայաստանի հավաքականում եմ, երախտապարտ եմ հայ ազգին, ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ ինձ վստահելու, հավատալու և այսքան լավ ինձ ընդունելու համար։
Թուրքիայի դեմ խաղը ամենալարված խաղերից էր ու էմոցիաների առումով յուրահատուկ էր, բայց այն որ մրցակցի երկրպագուները փորձում էին մեզ հունից հանել, միայն ժպիտ էր առաջացնում, և դժվարություններ չառաջացրեց։
Հանդերձարանում բոլորս շատ տխուր էինք, շատ մոտ էինք հաղթանակին։ Յուրաքանչյուր խաղին տալիս ենք այն, ինչ ունենք՝ մեր բոլոր ուժերը։ Ուժեր կունենանք նաև Խորվաթիայի դեմ։
Բոլոր թիմակիցներով միմյանց լավ ենք հասկանում, չնայած որ այդքան էլ երկար ժամանակ չէ, որ իրար հետ ենք մարզվում։ Բոլորիս համագործակցությունը բավականին լավ է, ու դրանում մեր մարզչական շտաբի ներդրումն է շատ մեծ։
Ի՞նչ գնահատական կտամ իմ խաղին․ երբեք իմ խաղը չեմ գնահատում։ Ավելի լավ է մարզչական շտաբին հարցնեք այդ մասին»,- նշել է Թիկնիզյանը։