Ալեքսիս Սանչես․ «Միշտ ցանկացել եմ մնալ «Մարսելում»»

Չիլիացի վինգեր Ալեքսիս Սանչեսը խոսել է ֆրանսիական «Մարսելից» հեռանալու մասին։

«Ինչ վերաբերում է «Մարսելին», ապա ես այլ ելք չունեմ, քան շնորհակալություն հայտնել ակումբին, նրա բժշկական թիմին, անձնակազմին և ողջ թիմին: Ես շատ լավ պահեր եմ կիսել իմ գործընկերների հետ։ Շնորհակալ եմ ինձ աջակցելու համար և ներողություն յուրաքանչյուր խաղում և մարզման ժամանակ ձեզ վրա ճնշում գործադրելու համար: Շատ շնորհակալ եմ «Մարսելի» ողջ հանրությանը, ովքեր միշտ ջերմորեն աջակցել են ինձ լավ և վատ պահերին: Ես շատ լավ ժամանակ եմ անցկացրել և շատ լավ հիշողություններ ունեմ այդ մասին:

Կցանկանայի նաև որոշ թեմաներ ճշտել և ասել, որ իմ կողմից միշտ ցանկացել եմ մնալ «Մարսելում»։ Սա այն է, ինչ ես միշտ ցանկացել եմ, բայց դա կախված էր ոչ միայն ինձանից։ Այս անգամ ղեկավարությունն այլ ընտրություն կատարեց, բայց ես հարգում եմ նրան»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում Footmercato-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Սանչեսը պայմանագիր է կնքել Միլանի «Ինտերի» հետ, որի կազմում արդեն խաղացել է իր կարիերայում։