Ակսել Դիսասին շուտով կարող է դառնալ լոնդոնյան գրանդի ֆուտբոլիստ

«Մոնակոյի» 25-ամյա պաշտպան Ակսել Դիսասին շուտով կարող է դառնալ Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «արիստոկրատներն» արդեն պայմանավորվել են ֆրանսիացի ֆուտբոլիստի գործարքի շուրջ։ Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 45 մլն եվրո: Ակումբները գտնվում են տրանսֆերի մանրամասների վերջնական մշակման փուլում, և գործարքը կարող է ամբողջությամբ փակվել արդեն հաջորդ շաբաթ: Դիսասին արդեն համաձայնեցրել է լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի անձնական պայմանները։

2022/23 մրցաշրջանում Դիսասին «Մոնակոյի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մոնեգասկների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։