«Ինտեր Մայամիի» սեփականատեր Խորխե Մասը հույս ունի, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հնարավորություն կունենա հրաժեշտի հանդիպում անցկացնել «Բարսելոնայի» սեփական հարկի տակ «Կամպ Նոուում»։
«Սա ընդամենը իմ անձնական կարծիքն է։ Չգիտեմ՝ դա կլինի ինչ-որ ընկերական, թե հրաժեշտի խաղ: Նրանք ունեն Ժոան Գամպերի գավաթը, որը խաղարկվում է ամռանը: Հուսով եմ՝ ինչ-որ բան տեղի կունենա, երբ նոր «Կամպ Նոուն» բացվի, քանի որ հաջորդ մեկուկես տարին նրանց մարզադաշտում հանդիպումներ չեն լինի։ Հուսով եմ՝ Մեսսին կարող է հրաժեշտի խաղ անցկացնել այնտեղ։
Սա չի նշանակում, որ նա խաղալու է «Բարսելոնայում»։ Նա մշտական հիմունքներով այնտեղ չի տեղափոխվի։ Այո, նա արժանի է այնտեղ պատշաճ հրաժեշտի։ Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ նպաստելու և օգնելու նրան այս հարցում, քանի որ Լեոն արժանի է դրան»,- Խորխե Մասի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ 36-ամյա Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2003-ից 2021 թվականներին։