Էդեր Միլիտաո․ «Իհարկե տխրեցինք, որ Կարիմ Բենզեման հեռացավ»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն պատմել է, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները տխրել են ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հեռանալուց։

«Բենզեմա՞ն։ Իհարկե, նեղսրտեցինք, որ նա գնաց։ Ինձ համար նա աշխարհի լավագույն «ինը» համարն է։ Բայց կյանքը շարունակվում է, հիմա մենք պետք է վերակառուցենք թիմը»,- Միլիտաոյի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման «Ալ-Իթիհադի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։ Հարձակվողի նոր թիմը Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոնն է։

Կարիմը «սերուցքայինների» ճամբարում անցկացրել է 14 մրցաշրջան, մասնակցել ակումբի 647 հանդիպման, որոնցում խփել է 353 գոլ։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ Մադրիդի «Ռեալի» լավագույն ռմբարկուն Լա Լիգայի այս մրցաշրջանում։