«Բարսելոնան» և Մարկ-Անդրե տեր Շտեգենն արդեն բանակցություններ են սկսել

«Բարսելոնան» և ակումբի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն արդեն բանակցություններ են սկսել դարպասապահի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը ցանկանում է 31-ամյա դարպասապահին պայմանագիր առաջարկել մինչև 2028 թվականի հունիսի վերջը, որպեսզի Մարկ-Անդրեն ավարտի իր մարզական կարիերան այդտեղ։ «Բարսելոնան» շատ գոհ է ֆուտբոլիստի անցած մրցաշրջանի անհատական ​​ելույթներից, ինչպես նաև այն աշխատանքից, որը ֆուտբոլիստը կատարում է ակումբի հանդերձարանում՝ լինելով իսկական թիմի առաջատար։

Տեր Շտեգենը նույնպես լիովին գոհ է ակումբում իր մնալուց, ուստի պայմանագիրը երկարաձգելու հետ կապված խնդիրներ չպետք է լինեն։

Հիշեցնենք, որ Տեր Շտեգենի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Անցած առաջնության ընթացքում գերմանացի դարպասապահը Լա Լիգայի մեկ մրցաշրջանում առանց գոլ բաց թողած հանդիպումների քանակով գերազանցեց «Բարսելոնայի» ռեկորդը։ Մարկ-Անդրեն մասնակցել է Լա լիգայի բոլոր 38 խաղերին, որոնցից 26-ում կարողացել է ոչ մի գնդակ բաց չթողնել։