«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ անգամ կփորձի պայմանագիր կնքել «ՌԲ Լայպցիգի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլի հետ՝ բանակցությունների նոր փուլ անցկացնելով գերմանական ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ նոր տուրում «քաղաքաբնակները» մտադիր են զգալի առաջընթաց գրանցել 22-ամյա ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերի ուղղությամբ։ Սպասվում է, որ ակումբների միջեւ բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» 75 միլիոն եվրո գումարած բոնուսների նախնական առաջարկը մերժվել է: «Ցլերը» Գվարդիոլի համար ցանկանում են առնվազն 100 միլիոն եվրո
Բունդեսլիգայի 2022/2023 մրցաշրջանում Գվարդիոլը անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և ոչ մի գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 75 միլիոն եվրո: