Դորտմունդի «Բորուսիան» բանակցություններ է վարում «Պարի Սեն Ժերմենի» հետ կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիի տրանսֆերի շուրջ, հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ բացի դորտմունդցիներից, 17-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»: ՊՍԺ-ն ներկայումս չի ցանկանում վաճառել իր կիսապաշտպանին և մտադիր է բանակցություններ սկսել նրա հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:
2022/2023 մրցաշրջանում Զաիր-Էմերին ՊՍԺ-ի կազմում 31 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 20 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լուկաս Էրնանդեսի՝ ՊՍԺ տեղափոխվելու մասին։