Ժոզե Մոուրինյոն և Պաուլո Դիբալան ցանկանում են «Ռոմայում» տեսնել Ալվարո Մորատային

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և հռոմեացիների հարձակվող Պաուլո Դիբալան ցանկանում են իրենց թիմում տեսնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մարզիչը վերջին մի քանի օրերին շփվել է Մորատայի հետ և նրան հրավիրել իր թիմ։ Իսպանացի հարձակվողը Ժոզեի գլխավորությամբ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» 2010-ից 2013 թվականներին: Դիբալան նաև ցանկանում է «Յուվենտուսի» նախկին թիմակցին տեսնել «Ռոմայում»: Ֆուտբոլիստները մշտապես կապի մեջ են։ Պաուլոն համոզում է Մորատային տեղափոխվել Հռոմ:

Հաղորդվում է, որ «Ռոմային» դժվար կլինի նման գործարք իրականացնել երկու պատճառով՝ առաջինը Մորատայի բարձր աշխատավարձի պահանջն է, երկրորդը՝ «Ատլետիկոյի» պահանջած տրանսֆերային գումարը՝ 22 միլիոն եվրո: