Պաուլո Բարբոսան՝ Սպերցյանի մասին․ «Միգուցե իսկապես հետաքրքրություն կար «Մանչեսթեր Սիթիից»»

Պորտուգալացի գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։

Հունիսի 27-ին հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» սկաուտները հետևել են ֆուտբոլիստին Հայաստանի հավաքականի հանդիպմանը, որին նա մասնակցել է։

«Սպերցյանը լավ խաղացող է։ Ամեն ինչ կախված կլինի առաջարկից։ Կարևոր է, թե «Կրասնոդարը» որքան գումար է ցանկանում ստանալ նրա համար։ Միգուցե իսկապես հետաքրքրություն կար «Մանչեսթեր Սիթիից»։ Սկաուտները հավանաբար դիտել են նրան և գիտեն նման խաղացողի մասին։ Բոլոր ակումբներն էլ ուժեղացման մի քանի տարբերակ ունեն։ Հնարավոր է, որ Սպերցյանով հետաքրքրված է Անգլիան։ Նա միանշանակ գտնվում է եվրոպական թոփ ակումբների հետաքրքրությունների տիրույթում»,- ասել է Բարբոսան SE-ին:

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Անցած մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: