Եվրոպական գրանդը պատրաստվում է 150 միլիոն եվրո վճարել Վիկտոր Օսիմհենի համար

ՊՍԺ-ն պատրաստ է «Նապոլիին» 150 միլիոն եվրո առաջարկել հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար։

Ինչպես հայտնում է Sportitalia-ը՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը մոտ օրերս կհանդիպի իտալական ակումբի ներկայացուցիչների հետ և կքննարկի հնարավոր գործարքը։

Ավելի վաղ նեապոլցիների նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտնել էր, որ ակումբը ֆուտբոլիստի հետ սկզբունքային համաձայնության է եկել 2 տարով երկարաձգելու պայմանագիրը, սակայն նշել է, որ եթե «Նապոլին» նիգերիացու տրանսֆերի առաջարկ ստանա, դա կարող է ընդունել։

Օսիմհենը «Նապոլի» է տեղափոխվել 2020 թվականին «Լիլից» 75 միլիոն եվրոյի դիմաց: 2022/23 մրցաշրջանում նա «Նապոլիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։