«Բետիսի» կիսապաշտպան Խոակին Սանչեսն ավարտեց կարիերան՝ Իսպանիայի առաջնության եզրափակիչ տուրի վերջին հանդիպումն անցկացնելով «Վալենսիայի» հետ (1:1)։
Opta-ի փոխանցմամբ՝ այս խաղը 41-ամյա ֆուտբոլիստի համար 622-րդն էր Լա Լիգայում։ Նա կրկնեց «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Անդոնի Սուբիսարետայի ռեկորդը Իսպանիայի առաջնություններում անցկացրած հանդիպումների քանակով։
Խոակինը դեռ այս տարվա ապրիլին էր հայտարարել, որ 2022/23 մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան։
Խոակինը «Բետիսի» սան է։ Իսպանացին հանդես է եկել նաև «Վալենսիայում», «Մալագայում» և «Ֆիորենտինայում»: «Բետիսի» հետ կիսապաշտպանը երկու անգամ հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում:
Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 487 հանդիպում, դարձել 65 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։